Newmag.am-ը գրում է.
  • Լիալուսինը վտանգավոր է ու օգտակար:

Այս արտահայտությունը գուցե շատերին պարադոքս թվա: Իրականում այդպես էլ կա: Ամսվա այդ օրերին դիրքերում հանգիստ են ու լարված: Երկուսի պատճառներն էլ կան, բացատրություններն էլ: Լիալուսնի ժամանակ հակառակորդն անհանգիստ է, արկածախնդիր ու ավելի ագրեսիվ: Նրանք պաշտում են լուսինն ու արբանյակի ամբողջական շրջանակը համարում իրենց հաջողության գրավականը: Այդ պատճառով էլ խախտում են հրադադարը, անկանոն կրակում, զվարճանում, նույնիսկ առաջնագիծը վերածում խրախճանքի հրապարակի:

Հայ տղաներին սա մտահոգում է, ավելի զգուշավոր դարձնում, կենտրոնացնում ուշադրությունը: Ընդ որում նույն ժամանակ անվտանգ ծառայությունն ապահովում է կրկին լիալուսինը: Այնպես է լուսավորում շուրջբոլորը, որ թվում է կեսօր է, մութը ուր որ է կընկնի և չի ընկնում: Այդ պատճառով էլ հակառակորդի ոտնձգությունները հայտնվում են հայերի տեսադաշտում, ձախողվում են: Ի վերջո նրանց սրբացրած լիալուսինը հեռանում է իրենց ողբերգական պարտությունից հետո:

Կարոյի պատմությունն է ու կենսափորձը: Նա էլ կիսվում է անցած ու փոփոխական գիշերներով, կրկնվող ու անփոփոխ ավարտներով: Արդեն սովորել են թշնամու գործելաոճին ու անհետաքրքիր, կանխատեսելի սցենարներին:  

  • Ճուտոն նրանց համար յոթգլխանի դև է:

Արցախի սահմանապահ զորամասերից մեկի զինվորն է: Նրան տեսնողները գուցե խղճան ու օգնելու պատրաստակամություն հայտնեն: Փոքրամարմին է, նիհար ու կարճահասակ: Ընդ որում այնքան, որ բոլորին է ներքևից նայում: «Կոլոտ կամանդիր» են ասում: Այսուհանդերձ նրա ծառայողական կենսագրությունը թերթողները միանգամից կսթափվեն ու կսկսեն պատկառանքով շփվել Արմավիրցի Ճուտոյի հետ:

  • Բոյը դիտակետի անցքին չի հասնում, բայց բոլորին տեսնում է:

Հենակետերն այնպես են կառուցված, որ մարտական հերթապահություն իրականացնողը պիտի առնվազն միջահասակ լինի, որ կարողանա դիտարկում իրականացնել, որ աչքերն այդ անցքին հավասար լինեն, մինչդեռ իմ զրուցակցի հասակը վերջին տվյալով մոտ 1.52 է, մի քանի ամիս առաջ են չափել: Զորամասում, հանրապետությունում ու գուցե տարածաշրջանում միակն է իր կառուցվածքով, գուցե միակն է նաև հնարավորություններով ու պատասխան գրոհները վարպետորեն իրականացնելով: Հերթապահություն իրականացնելիս ուղղանկյունաձև աղյուսը դնում է ոտքի տակ ու տարածքն աչքի տակ առնում:

  • Հակառակորդը տեսնի կարող է ասի, ազիզ ջան, կորել – մոլորվել ես:

Չի հասցնի: Հավատացեք այս մետրուկեսի մեջ մի ամբողջ հսկա է ամփոփված: Մարտական գործողությունների ընթացքում, երբ ընկերները վիրավորվել են, հենակետի այդ ուղղությունը վերցրել է իր հսկողության տակ ու կարողացել հարձակվողներից մի քանիսին վերացնել, առանց երևալու: Թե ինչպես, ընկերներն էլ, վերադասն էլ դժվարանում են նկարագրել, ինքն էլ լռում է: Գուցե պատմեին տուժածները: Այլևս չկան:

Կարոն կարողացել է վիրավոր ընկերներին փրկել, ուշագնացներին բերել չդիտարկվող, անվտանգ տարածք, զեկուցել միջադեպի մասին: Զենքը գուցե հենց իր քաշին է կամ մի քիչ պակաս, մինչդեռ կարողանում է բռնել, կրակել, զուգահեռ որոշել նոր սցենար անկոչների մուտքն էլ, ելքն էլ արգելափակելու համար: Ընդ որում անհրաժեշտ պահերին դաժանությունը հակադարձ համեմատական է մարմնի չափերին: Խաղաղ պայմաններում խելոք տղա է, բարի ու համեստ ժպիտով, երեխային բնորոշ միամտությամբ: Առաջին կրակոցը լսելուն պես դառնում է անկառավարելի ու անպարտելի:

Կարոն իր մասին այդպես էլ չխոսեց, պատմեցին ընկերները, կատակեցին, հետո լրջացան, հիշելով այն սխրանքները, որ Ճուտոյի հեղինակային սեփականությունն են: Նույնիսկ վաշտի հրամանատարն անկեղծացավ, այսպիսի տասը տղա ունենա, թշնամու մի ամբողջ գնդի կարող է վերացնել: Դիրքերում քնում, արթնանում է անձայն, ծառայությունն անցկացնում առանց մյուսներին խանգարելու ու ուշադրություն գրավելու, մարտի դաշտում բոլորին համախմբում է: Շարքային է, սակայն երբեմն շարքայիններն էլ, սերժանտներն էլ հրամանները հենց իրենից են ստանում: Կռվից հետո էլ դիտակետի իր քարի վրա խազերն ավելացնում է, քանի դիակ փռել է, այդքան էլ գիծ կտեսնեք: Առաջին քարը չէ, սակայն արդեն փոխելու ժամանակն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել